Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում: Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում, Անգլիայում և այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև «ոսկրացունց» էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791 թ-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը: Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին «վելոսիպեդ» (լատիներեն «վելոքս»՝ արագ, և «պես»՝ ոտք, բառերից): Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869 թ-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները: Շուտով փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով` արագությունը մեծացնելու նպատակով տանող անվի տրամագիծը մեծացվեց մինչև 180 սմ: XIX դարի վերջի...