Հայտնագործություններ. Հեծանիվ


Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում:

Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում, Անգլիայում և այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև «ոսկրացունց» էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791 թ-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը: Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին «վելոսիպեդ» (լատիներեն «վելոքս»՝ արագ, և «պես»՝ ոտք, բառերից): Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869 թ-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները:

Շուտով փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով` արագությունը մեծացնելու նպատակով տանող անվի տրամագիծը մեծացվեց մինչև 180 սմ:

XIX դարի վերջին հեծանվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877 թ-ին), պնևմատիկ դողեր (1889 թ-ին), ազատ ընթացք (1894 թ-ին), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899 թ-ին): Նման կառուցվածք ունեցող հեծանիվներն արդեն ժամանակակից հեծանիվը հիշեցնող մեքենաներ էին:

XIX դարի վերջերին տարբեր երկրներում սկսեցին հեծանիվ արտադրել: Այն սկսեց կիրառվել նաև ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք ու հանդերձանք փոխադրող և կապի միջոց: Եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր:

Մեր օրերում շատ երկրների բնակիչների համար հարմարավետ հեծանիվները հիմնական փոխադրամիջոց են: Այսօր կան արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հեշտությամբ տեղավորվող ծալովի հեծանիվներ, որոնք մի քանի վայրկյանում կարելի է քանդելով երկու կես անել և նույն արագությամբ էլ հավաքել:

Կան անգամ եռանիվ հեծանիվներ, որոնք ստեղծված են հատկապես տարեց մարդկանց համար: Հեծանիվը բավական արագընթաց մեքենա է: 120 կմ-անոց առաջին իսկ մրցարշավներում, որոնք տեղի ունեցան 1869 թ-ին Ֆրանսիայում, հեծանիվը զարգացրեց ժամանակի համար չլսված արագություն՝ ժամում 11 կմ: Այդ տարիներից ի վեր այն մարզական զանազան մրցումների մշտական մասնակիցն է:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ