Հայտնագործություններ. Ակնոց


Ակնոցը հայտնվել է միայն 13-րդ դարում Հռոմում, բայց, իհարկե, ոչ այն տեսքով, ինչպես հիմա է:
Ակնոց անվան տակ մարդիկ հասկանում էին թանկարժեք քարերը: Բարձր խավի ներկայացուցիչներն իրենց ունեցած քարերով կարողանում էին նայել արևին՝ չցավեցնելով աչքերը: Ակնոց համարվող թանկարժեք քարերը մինչև 13-րդ դարի երկրորդ կես այդպիսին էլ մնացին: Հետո սկսեցին մշակել այդ քարերը և պատրաստեցին ակնոցներ միայն մեկ աչքի համար: Ավելի հետո էլ առաջ եկավ շրաջանակի գաղափարը…

Իսկ տեսողությունը լավացնող ակնոցն առաջին անգամ հայտնվել է Իտալիայում: Ե՞րբ. ոչ ոք հաստատ չգիտի: Ըստ փաստաթղթերի այն հայտնվել է 1285 թվականին, այլ տեղեկություններով՝ 1280 թվականին: Ասում են՝ այն ստեղծել է մի ապակեգործ: Նա ապակի պատրաստելուց պատահաբար նյութը թափել է հարթ մակերեսի վրա, և հետո նայելով նրա միջից, պարզել է, որ այս ապակին մեծացնում է իրերը:

Հենց այսպես, քայլ առ քայլ, ակնոցը սկսեց զարգանալ ու տարածում գտնել: 14-րդ դարում այն հասավ Չինաստան: Իմիջայլոց, ակնոցն այստեղ էլ զարգացում ապրեց: Հենց չինացիները որոշեցին պատրաստել մգեցված ապակիներով ակնոցներ: այն ժամանակ այդ ակնոցներն   օգտագործում էին բացառապես դատավորները, ոչ ոք չպետք է տեսներ դատավորի աչքերը:

Իսկ հետո բոլորի մեջ «դատավոր» դառնալու ցանկություն առաջացավ, ու մգեցված ապակիներով ակնոցները ստիպված եղան տարածվել, և շուտով դրանք սկսեցին օգտագործել աչքերն արևից պաշտպանելու համար:

Մեծացնող այս հրաշքի հաջորդ զարգացումը տեղի ունեցավ 16-րդ դարում: Այն ժամանակ ակնոցը մի հարմարանքով էր ամրանում քթին, որը նման էր լվացքի համար նախատեսված ամրակի: Բայց դրանք ցավեցնում էին քիթը: Եվ միայն 16-րդ դարում որոշեցին թելերի օգնությամբ դրանք կապել ականջներին, իսկ հետո նաև ստեղծել ակնոցի այնպիսի պոչիկներ, որոնք հիմա ակնոցների անբաժանելի մասնիկներն են:

Եվ այսպես, ակնոցների լույս աշխարհ գալը կարևորագուն իրադարձություն դարձավ աշխարհում: Այդպիսով մարդկանց ակտիվ կյանքն ավելի երկար սկսեց տևել, ու այլևս ոչ ոք ստիպված չեղավ միջին տարիքում իրեն ծեր զգալ:

Այսօր էլ ակնոցը շարունակում է զարգացում ապրել ու համարվել անչա՜փ պիտանի իր: Այն նույնիսկ հասցրել է քիթը մտցնել նորաձևության մեջ, և հաճախ մարդիկ ակնոցներ կրում են անգամ այն դեպքում, երբ տեսողական ոչ մի խնդիր չունեն:

Comments

Popular posts from this blog

Մեծ Հայք

Հայտնագործություններ. Համակարգիչ