Հայտնագործություններ. Հեռախոս
Հեռախոսը (հուն.՝ τῆλε — հեռու և φωνή — ձայն)՝ Էլեկտրամագնիսական ազդանշանների միջոցով մեծ հեռավորությունների վրա ձայնը (սովորաբար խոսակցություն) փոխանցող և ընդունող սարք։
Էլեկտրական ազդանշաններ հաղորդող առաջին սարքը հեռագիրն էր: Հաղորդագրությունները հաղորդվում էին հատուկ կոդով՝ Մորզեի այբուբենով: 1838 թ-ին Սեմյուել Մորզեի հայտնագործած այդ կոդում այբուբենի տառերը նշելու համար օգտագործվում էին էլեկտրական հոսանքի կարճ ու երկար իմպուլսների տարբեր համակցությունները:
Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել. այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: Թեև 1890-ական թվականներին երևան եկան ինքնաշխատ հեռախոսակայաններ, սակայն հեռախոսավարուհիները շարունակում էին աշխատել ընդհուպ մինչև 1920-ական թվականները: 1956 թ-ին անցկացվեց անդրատլանտյան հեռախոսային մալուխը, իսկ 1962 թ-ին արձակվեց կապի առաջին «Թելսթար» արբանյակը: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը:
Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս հեռախոսային խոսակցություններ վարել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ (SMS), լսել երաժշտություն, լուսանկարել և նույնիսկ կատարել տեսանկարահանումներ:
Comments
Post a Comment