Nokia հեռախոսները կլիցքավորվեն հեռուստացույցներից և ռադիոյից
Nokia-ի ինժեներները ներկա պահին աշխատում են նորարար մի մշակման վրա, որն ապագայում հեռախոսներին և սմարթֆոններին հնարավորություն կընձեռի աշխատել առանց լիցքավորման:
Սարքերի անլար լիցքավորման նոր համակարգը հնարավորություն է տալիս նրանց ինքնուրույն կերպով լիցքավորվել` օգտագործելով այլ տեխնիկաների` հեռուստացույցների, ռադիոյի, բջջային հեռախոսների ռադիոալիքները:
Ի տարբերություն նախկինում թողարկված նմանատիպ լուծումների, նոր համակարգը կարող է ազդանշանները ավելի արդյունավետորեն "հավաքել" նաև այնպիսի աղբյուրներից, որոնք հեռախոսից գտնվում են հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Անլար էներգիան հավաքելու համար պատասխանատու է Nokia-ի ինժեներների կողմից Քեմբրիջի հետազոտական կենտրոնում մշակված համակարգը: Նրա առաջին մասը բաղկացած է ալեհավաքից, որը ճանաչում է 500 ՄՀց-ից մինչև 10 ԳՀց հաճախականություն, իսկ երկրոդ մասը ռադիոալիքները վերափոխում է էներգիայի, որով էլ լիցքավորվում է մարտկոցը:
Նշվում է, որ այս փուլում էներգիայի արտահոսքը բավականին քիչ է` մոտավորապես 5 միլիվատտ: Գիտնականների գերխնդիրն է այն հասցնել 20 միլիվատտի, որը հնարավորություն կտա լիովին ապահովել հեռախոսի սպասման ռեժիմը: Այսպիսով, եթե սարքավորումը չօգտագործվի, ապա թեորիապես այն կկարողանա անդադար աշխատել: Իսկ հաջորդ փուլը կդառնա 50 միլիվատտը, որի դեպքում հեռախոսը կապահովի ոչ միայն սպասման ռեժիմը, այլ նաև կամաց-կամաց կլիցքավորվի:
Գիտնականները վստահ են, որ այդ նորարար տեխնոլոգիայի կոմերցիոն օգտագործումը հնարավոր կլինի արդեն 3-4 տարի հետո: Աղբյուր՝ mwnews.am
Comments
Post a Comment