376 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Հարվարդի համալսարանը
1636 թ. հոկտեմբերի 28-ին հիմնադրվել է ԱՄՆ առաջատար բուհերից մեկը` Հարվարդի համալսարանը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Հարվարդը ԱՄՆ հնագույն մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունն է: 1636 թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր ժողովի որոշմամբ Քեմբրիջ քաղաքում հիմնադրվել է քոլեջ, որը 1639 թ. անվանվել է հաստատության առաջին բարեգործ Ջոն Հարվարդի (1607-1638) անունով: Բարեգործը նոր քոլեջին է կտակել իր գրադարանն ու ունեցվածքի կեսը: Պատմականորեն, գրադարանը դարձել է մայրցամաքի երկրորդ հանրային գրադարանը:
Քոլեջի վերափոխումը համալսարանի տեղի է ունեցել 19-րդ դարի առաջին քսանամյակում: Այնտեղ, բացի աստվածաբանությունից, լեզուներից և մաթեմատիկայից, սկսել են դասավանդվել բժշկություն (1810) և իրավաբանություն (1817):
19-րդ դարի երկրորդ կեսին Հարվարդը դառնում է մշակութային կյանքի կենտրոն: Ներկայում Հարվարդն ունի մի քանի սեփական թանգարաններ, այդ թվում՝ բուսաբանական, համեմատական կենդանաբանության, հանքաբանության, երկրագիտության, հնագիտության և ազգագրության, որտեղ կարելի է շատ բան իմանալ մայաների և ացտեկների կյանքի մասին:
Համալսարանը ամենից շատ հպարտանում է գիտական նվաճումներով, այդ թվում աշխարհահռչակ բժշկական ֆակուլտետի մշակումներով: Հաստատությունն ունի աշխարհում ամենամեծ գիտական գրադարանը, 12 քոլեջ և ֆակուլտետ: Բոլոր մասնագիտությունների գծով ընդունվողները շատ են, սակայն, ինչպես մյուս համալսարաններում, առանձնահատուկ ժողովրդականություն են վայելու բժշկության, իրավաբանության, բիզնեսի և քաղաքագիտության ֆակուլտետները:
Ներկայումս Հարվարդի համալսարանում սովորում է ավելի քան 18 հազար ուսանող ԱՄՆ տարբեր շրջաններից և աշխարհի 100 երկրից: Այս հաստատությունն են ավարտել ավելի քան 30 Նոբելյան մրցանակակիրներ:
Աղբյուրը՝ 1in.am
Comments
Post a Comment