Android սմարթֆոնները կօգնեն կույրերին կողմնորոշվել տարածության մեջ
Fujitsu ընկերությունը և Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների Ճապոնիայի ազգային ինստիտուտը ստեղծել են համակարգ, որը կոչված է օգնել կույրերին և թույլ տեսողություն ունեցողներին կողմնորոշվել փակ տարածքում:
Համակարգը կազմված է բազային կայաններից, որոնք տեղադրվում են հաստատության ներսում, բջջային կայաններից (մեկը գտնվում է օգտատիրոջ մոտ, մյուսները՝ նշանակետերում), համակարգչից և Android օպերացիոն համակարգով սմարթֆոնից: Այս մասին ասված է մշակողների տարածած մամլո հաղորդագրությունում:
Բազային կայանները չափում են հեռավորությունը անձի գտնվելու վայրի և յուրաքանչյուր բջջային կայանի միջև՝ օգտագործելով գերլայնաշերտ անլար կապը (UWB, ultra-wide band): Այնուհետև արդյունքներն ուղարկվում են համակարգիչ, որը դրանք վերածում է կոորդինատների:
Կոորդինատներն, իրենց հերթին, փոխանցվում են օգտատիրոջ բջջային կայանին, այնուհետև Bluetooth-ի միջոցով անցնում սմարթֆոն: Սմարթֆոնի վրա տեղադրված է նավիգացիոն հավելված: Այն ձայնի միջոցով օգնում է օգտատիրոջ գտնել ճիշտ ուղղությունն ու հայտնում նշանակետի հեռավորությունը:
Համակարգը գործում է իրական ժամանակի ռեժիմում. տեղաշարժվելով տարածության մեջ, օգտատերը նոր հրահանգներ է ստանում: Ապագայում մշակողները նախատեսում են համակարգում ներառել խոչընդոտնեը ճանաչող գործառույթ:
Մշակումը կներկայացվի Wireless Technology Park ցուցահանդեսի ժամանակ, որը կանցկացվի Իոկոգամում հուլիսի 5-6-ը: Համակարգը կարող է տեղադրվել ոչ միայն բնակելի շինութուններում, այլև հիվանդանոցներում, առևտրի կենտրոններում, կառավարական հաստատություններում և այլն:
Ներկայում գործում են նման համակարգեր GPS-ով, սակայն դրանց թերությունն այն է,որ չեն աշխատում հաստատության ներսում: Այդ համակարգերից օգտվել հնարավոր է միայն այնտեղ, որտեղ արբանյակների ազդանշանները հասանելի են:
Comments
Post a Comment