ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը
Այսօր ԱՄՆ-ում նշում են օդորակիչի 110-ամյակը: 1902 թվականին` այս օրը, սենյակում ջերմաստիճանի պահպանման համակարգը առաջին անգամ գործածվել է Բրուկլինի Sackett-Wilhelms Lithographing and Publishing Company հրատարակչատանը:
20-րդ դարի տեխնիկական հրաշքի գյուտարարը Ուիլիս Հևիլենդ Քերիերն է, որն այդ ժամանակ 25 տարեկան էր: Նա իր ստեղծած սարքն անվանել է «օդի մշակման ապարատ»: Արխիվային փաստաթղթերում նշվում է, որ օդորակիչը ստեղծվել է ոչ թե մարդկանց հարմարավետության, այլ տպագրության համար, որին խանգարում էր խոնավությունը:
Օդորակիչներն ավելի ուշ լայնորեն կիրառվեցին ամերիկյան հարավային նահանգների տեքստիլ արդյունաբերությունում: Դրանք կարգավորում էին օդի խոնավության մակարդակն ու բարելավում գործվածքների արտադրությունը: Օդորակիչներն այնուհետև սկսեցին օգտագործվել այնպիսի գործարաններում, որտեղ միաժամանակ մի քանի հոսքագծեր ու ապարատներ էին աշխատում` այդպիսով այդ արտադրամասերը դարձնելով ոչ հրդեհավտանգ:
Քերիերի կոնստրուկցիայով առաջին տնային օդորակիչը գործածվել է 1914 թվականին` Մինեապոլսում: 1915 թվականին Քերիերի կողմից հիմնադրված ընկերությունը կրել է իր ազգանունը` Carrier, որի արտադրանքը մինչ օրս մեծ պահանջարկ ունի: Ներկայում ընկերությունն ունի 45 հազար աշխատակից: Տարեկան շրջանառությունը գերազանցում է 12 միլիարդ դոլարը:
Comments
Post a Comment