Երկրին սպառնում է բնապահպանական ապոկալիպսիս. գիտնականներ



Ամերիկացի գիտնականները կանխատեսել են բնապահպանական ապոկալիպսիս, որը կարող է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում, եթե մարդկությունը քայլեր չձեռնարկի Երկրի փրկության համար:

Նման եզրահանգման են եկել Կալիֆոռնիայի համալսարանի կենսաբանները: Գիտական հոդվածը տպագրվել է Nature ամսագրում:

Գիտնականների կարծիքով` աշխարհը մոտենում է էկոլոգիական փոփոխություններում կրիտիկական կետի: Դրան կհանգեցնի մոլորակի արագ աճող բնակչությունը, կենդանական և բուսական տեսակների կրճատումը, բնական ռեսուրսների գերշահագործումը և այլն:

Հետազոտության հեղինակներին հատկապես մտահոգում է դեմոգրաֆիական իրավիճակը: Գիտնականները նշում են, որ մոլորակի բնակչության մշտական աճը մեծացնում է ռեսուրսների ծանրաբեռնվածությունը: Դարակեսին բնակչության թիվը կհասնի 9 միլիարդի, իսկ դարավերջին` 27 միլիարդի: Դա այն դեպքում, եթե զարգացող երկրներում ծնելիության մակարդակը մնա այսօրվա մակարդակի վրա:

Բնակչության աճն իր հերթին բերում է նրան, որ քաղաքները գրավում են մոլորակի վրա ավելի մեծ տարածքներ, ինչի հետևանքով նվազում է կենսաբազմազանությունը, անհետանում են բույսերի և կենդանիների հազվագյուտ տեսակները:

Գիտնականները նախազգուշացնում են, որ գլոբալ աղետը կարող է տեղի ունենալ մի քանի տասնյակ տարի հետո, եթե հենց հիմա քայլեր չձեռնարկվեն մոլորակի փրկության ուղղությամբ: Եթե մոլորակը մոտենա կրիտիկական կետի, ապա այն նախկին վիճակին վերադարձնելը գործնականում անհնար կլինի:  

Comments

Popular posts from this blog

Ինչպես գիրանալ

Հայտնագործություններ. Համակարգիչ