Facebook-ի բաժնետոմսերի գինն իջել է 30 դոլարից
Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը բորսային շուկա դուրս գալուց հետո առաջին անգամ ցած է իջել 30 դոլարից:
Մայիսի 29-ի տվյալներով՝ Nasdaq բորսայում սոցցանցի բաժնետոմսերի արժեքը կանգ է առել 28,84 դոլարի վրա: Նախորդ առևտրային շրջանի արդյունքների հետ համեմատած՝ բաժնետոմսերի գինն ընկել է 3,07 դոլարով (9,6%): Մայիսի 18-ից սկսած, երբ ընկերությունը դուրս եկավ բորսային շուկա, բաժնետոմսերի գինը 24%-ով ընկել է: IPO-ի առաջին օրն այն 38 դոլար էր: Բորսային շուկա դուրս գալով՝ Facebook-ին հաջողվեց ավելի քան 16 միլիարդ եկամուտ ստանալ: IPO-ի պահին ընկերությունը գնահատվեց 104 մլրդ դոլար: Երկրորդ օրն արդեն բաժնետոմսերի արժեքի անկում սկսեց նկատվել:
Ինչպես հիշեցնում է Lenta.ru-ն, Facebook-ի՝ բորսա դուրս գալն ուղեկցվեց մի շարք սկանդալներով: Բաժնետոմսերի բաշխումը Nasdaq-ում տեխնիկական խոտանի պատճառով սկսվեց կես ժամ ուշացումով: Այնուհետև տեղեկություն հայտնվեց այն մասին, որ IPO-ին մասնակցող մի շարք բանկեր ինֆորմացիա են ստացել ընկերության տարեկան եկամտի կանխատեսումների իջեցման վերաբերյալ:
ԱՄՆ-ի 4 խոշոր ֆինանսական ընկերությունները, որոնք հանդես էին գալիս Facebook-ի արժեթղթերի գնորդ-վաճառողի միջնորդի դերում, բորսայում խափանումների պատճառով 115 միլիոն դոլար են կորցրել:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, UBS ներդրումային ընկերության կորուստները այդ խափանումների պատճառով կազմել են 30 միլիոն դոլար, Knight Capital Group-ինը՝ 30-35 մլն, Citadel Securities-ինը՝ 30 մլն և Citigroup-ինը՝ 20 մլն դոլար:
Սոցիալական ցանցի՝ բորսա դուրս գալու հանգամանքների վերաբերյալ սեփական հետաքննությունն են անցկացնում ԱՄՆ-ի բանկային հանձնաժողովն ու ԱՄՆ Սենատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովը:
Comments
Post a Comment