Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում $17,1 մլրդ են կորցրել
Աշխարհի ամենահարուստ մարդիկ ընդամենը 7 օրվա ընթացքում ընդհանուր 17,1 միլիարդ դոլար են կորցրել՝ եվրոյի փոխարժեքի անկման և JPMorgan Chase-ի կրած 2 միլիարդ դոլարի չափով հարաբերական վնասի պատճառով առաջացած անհանգստության ֆոնին:
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ մեքսիկացի մագնատ Կառլոս Սլիմն ամենաշատն է տուժել: Նրա կարողությունը մեկ շաբաթում 4.2 միլիարդով կրճատվել է: Նրան պատկանող America Movil SAB ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 3,82%-ով, ինչն ամենախոշոր անկումն է 2011-ի դեկտեմբերից ի վեր: Այս մասին հայտնում է BFM.ru-ն:
Սլիմի կարողությունը գնահատվում է 69,6 միլիարդ դոլար: Նրան հաջորդում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը՝ 61,8 մլրդ դոլար կարողությամբ: Եռյակը եզրափակում է Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆեթը՝45,7 մլրդ դոլար ունեցվածքով: Նրա կարողությունն անցած շաբաթ աճել է 313 միլիոն դոլարով:
Խաղային բիզնեսի մագնատ Շելդոն Ադելսոնի կարողությունը մեկ շաբաթում կրճատվել է 1,1 միլիարդով: Նրա Las Vegas Sands-ի բաժնետոմսերի գինն ընկել է 4,53 տոկոսով: Նա աշխարհի հարուստների ցուցակում 12-րդ տեղում է՝ 23,7 միլիարդ կարողությամբ:
Ոսկերչական բիզնեսի մագնատ Չեն Յույ Տունը կորցրել է իր 19 միլիարդ դոլար կարողության 705 միլիոն դոլար մասնաբաժինը: Չինական ոսկերչական զարդերի արտադրող Chow Tai Fook Jewellery Group-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2,58%-ով:
Վերջերս Forbes-ը թողարկել է Real-Time Billionaires ինտերնետ ծառայությունը, որը միլիարդատերերի վարկանշային աղյուսակում փոփոխություններ է կատարում իրական ժամանակում: Ի դեպ, Նյու Յորքի ֆոնդային բորսայի բացումից 15 րոպե հետո վարկանշային օնլայն աղյուսակը սկսում է թարմանալ:
Comments
Post a Comment